2021 թվականի ընտրություններից առաջ էլ էին շատերը պնդում, որ Նիկոլը հաղթելու շանսեր չունի: Նույնիսկ ոմանք երկար լեկցիաներ էին գրում, երբ ակնարկում էի, որ այդքան վստահ պետք չի լինել, որ Հայաստանի անկախանալուց ի վեր որևէ իշխանություն երբեք համապետական ընտրություններով չի պարտվել, և երբեք ընտրությունների միջոցով ընդդիմությունը չի եկել իշխանության: Հիմա էլ են շատերն ասում, որ Նիկոլը հաղթելու շանսեր չունի: Փոխանակ վերլուծեն, ուսումնասիրեն, թե ինչու են մեր երկրում միշտ միայն իշխանությունները հաղթում ընտրություններում (նույնիսկ, եթե կեղծվում են, արդյունքները նկատի ունեմ), հասկանան, թե ինչ պետք է արվի այդ ընթացքը բեկելու համար, նորից ոգևորված բացականչում են, որ շանս չունի: Ընկերներս կհիշեն, թե մինչև 2021 թվականը ես ընդդիմադիր որ ուժին էի նախապատվություն տալիս եղածների մեջ: Ամեն ինչ փոխվեց, երբ այդ ուժը որոշեց ընդունել ընտրությունների արդյունքներն ու մանդատներ վերցնել: Ես այն ժամանակ դա ասել եմ և՛ մասնավոր զրույցներում, և՛ որոշ գրառումներ եմ արել: Ինձ համար դեռ այն ժամանակ էր պարզ, որ եթե այդ ժամանակ չհեռացվի, հետո գնալով ամրապնդելու է իշխանությունը, և շատ ավելի բարդ է լինելու: Հիմա էլ ես չեմ տեսնում, որ անհրաժեշտ հետևություններ են արվել, որ այն գործիքակազմը, որը միշտ օգտագործում է իշխանությունը և գնալով զարգացնում, որևէ հակակշիռ է պատրաստվել այդ ամենին: Գուցե կան, բայց տեսանելի չեն: Չնայած ինտուիցիաս հուշում է, որ եթե հիմիկվանից նորից սկսել եք գոչել, որ առաջիկա ընտրություններում Նիկոլը որևէ շանս չունի, նորից 2021-ի պատմությունն է կրկնվելու: Թարսի նման էլ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է ինտուիցիաս սխալ դուրս եկել:
Արամ Աբաջյան